ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։
«Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության ու տնտեսության համար դժվար է գերագնահատել:
Այսօր մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել: Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու համար, իսկ հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ»,- նշեց նա:
ՀՀ կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների․ «Դա նույնքան ցավոտ է, որքան մեր ներքին տրանսֆորմացիան՝ պատմական Հայաստանից իրական Հայաստան: Պետք է ամեն բան անել այդ տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք: 2018-ին իմ և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը հետևյալն է, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։