«Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ»:
Այս մասին հունական «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:
«Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն իրենց հիմքում ունեն ինչպես ընդհանուր պատմությունը և վաղեմի բարեկամությունը, այնպես էլ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին: Երկկողմ հարաբերությունների զարգացումը ևս դիտարկում ենք այս շրջանակում:
Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ:
Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը: Կայունությունը և խաղաղությունը հիմնարար արժեքներ են, որոնց ապահովման ուղղությամբ ջանքերում ևս հայ-հունական բարեկամությունն իր ներդրումը կարող է ունենալ: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով հող կնախապատրաստի, որ Հայաստան-Հունաստան սերտ համագործակցությունն ի վերջո բերվի ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի»,-ասել է վարչապետը: