Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    19 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Մայիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով և ներկայացրել Իրական Հայաստանի տեսլականի առարկայացման ուղղությամբ նախատեսվող քայլերը.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ժողովուրդ,

Ուղիղ վեց տարի առաջ մեր քաղաքական թիմը և ես ստանձնեցինք Հայաստանի Հանրապետության կառավարումը: Այդ պահից մեր կառավարման առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է անվանել համազգային նպատակներ: Այդ օրակարգի լիաթոք սպասարկման գործընթացը բացահայտել է հայեցակարգային և գործնական մի շարք խնդիրներ, որոնք առարկայացել են առավել 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և դրանից հետո: Այդ ողջ ընթացքում մենք կարևոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանց լուծումը համարելով կենսական: Այդ ամենին գործնականորեն առնչվելու ընթացքը մեզ համար բացահայտել է խնդիրների մի մասի ոչ միայն անլուծելիությունը, այլև դրանց անհամատեղելիությունն անկախության, ինքնիշխանության, պետականության գաղափարների և պրակտիկայի հետ: Ավելին՝ որոշ օրակարգեր ի ցույց են դրել իրենց կանխորոշված փակուղային լինելը, որոնց հավանական խորքային նպատակը մեր երկրի կայացումն ու զարգացումը թույլ չտալն է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, պետականության ռազմավարական թիրախավորմամբ: Այդ եզրահանգումները ես հանրության հետ կիսել եմ պարբերաբար, ամենատարբեր առիթներով, որոնցից, մասնավորապես, կուզենային ընդգծել իմ նախորդ ասուլիսները, «Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքի մասին» տարեկան զեկույցների խորհրդարանական քննարկումների ժամանակ ունեցած իմ ելույթները, ինչպես նաև 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում իմ ունեցած ելույթը և հարցուպատասխանը: Այդ բոլոր ելույթներում իմ արած շեշտադրումները, որոնք հիմնված են եղել առարկայական փաստերի և դրանց համադրության վրա, բնականորեն և տրամաբանորեն առաջ են բերում Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտությունը:

Այս անհրաժեշտությունից է բխում Իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել եմ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը» Ազգային ժողովում ներկայացնելիս: Այսօր ուզում եմ ևս մի քայլ անել՝ այդ տեսլականի առարկայացման ուղղությամբ: Նախապես ասեմ, որ սահիկաշարը, որը քիչ անց կներկայացնեմ, սպառիչ չէ, այն չի անդրադառնում արտաքին և ներքին հարաբերություններին առնչվող մի շարք առանցքային հարցերի և նպատակ ունի ուղենշել Հայաստանի զարգացման տեսլականն այսօրվանից՝ միտված լինելով հարատև ապագային:

Այդ սահիկաշարը ես կներկայացնեմ էկրանին, զանգվածային լրատվության հարգելի ներկայացուցիչներ, և մեր առաջին սահիկը հետևյալի մասին է. վերնագրված է «Տիտղոսը» և տիտղոսը նշված է՝ Հայաստանի Հանրապետություն: Ի՞նչ ենք նկատի առնում, նկատի ենք ունենում հետևյալը, երբ ասում ենք Հայաստան, ի՞նչ ենք նկատի ուենում, նկատի ենք ունենում՝ Հայաստանի Հանրապետություն:

Հաջորդիվ՝ ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում՝ այս հարցերի պատասխանները թող շատ տրիվիալ չհնչեն, որովհետև կարծում եմ, որ մեր իրականության մեջ, և ընդհանրապես, ցանկացած իրականության մեջ, արժի որ մենք անենք հիմնական հասկացությունների ճշգրտում և հիմնական հասկացությունների ռեյտինգավորում: Եվ ահա այս պատկերը նաև այդ նպատակն ունի:

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է սա ունենանք որպես ոչ միայն ուղենիշ, որպես ոչ միայն նպատակ, այլև գործողությունների և գործելակերպի հիմնադրույթ: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն, և շատ կարևոր է, այդ մասին վերջին շրջանում ես մի քանի անգամ խոսել եմ, Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունները հաստատվում են և կարգաբերվում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամարտահայտման միջոցով: Ես նախկինում մի քանի անգամ սրա մասին խոսել եմ, մենք, երբեմն, ինքնիշխանություն ասելիս հասկանում ենք մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, բայց շատ կարևոր է նաև ինքնիշխանությունը՝ որպես հիմք, վերցնել նաև ներքին հարաբերությունների համար՝ այն իմաստով, որ ներքին օրենսդրությունը և ներքին հարաբերությունները պետք է կարգավորվեն: Հիման ես դրան կանդրադառնամ՝ պետք է կարգավորվեն ժողովրդի կամքի համաձայն, այսինքն՝ ժողովուրդը պետք է լինի այդ իրավահարաբերությունների հեղինակը և հաստատման հեղինակը, և ի՞նչ է կարելի, ի՞նչ չի կարելի Հայաստանի Հանրապետության ներսում, և դա ինչպե՞ս է սահմանված՝ որպես օրենք և իրավակարգ, ինքնիշխանության կարևոր ատրիբուտ է՝ այն առումով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինքը պետք է իր համար սահմանի Հայաստանի Հանրապետությունում ապրելու կանոնները:

Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության տարածությունը, տարածքը՝ 29 հազար 743 կմ քառակուսի, երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի շատ կոնկրետ, և երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե այդ ինքնիշխանությունն ի՞նչ տարածքի վրա է տարածվում:

Հաջորդ հենասյունն այդ տեսլականի՝ պետական կարգը, խորհրդարանական ժողովրդավարություն կամ ժողովրդապետություն: Այստեղ շատ մեկնաբանելու բան կարծում եմ չկա, առաջինը՝ մենք պատկերացնում ենք որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի Հանրապետությունը և երաշխավորված, որ իշխանությունը ձևավորվում է բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության վրա հիմնված:

Մեր հաջորդ սահիկը հետևյալն է՝ ո՞րն է, ի վերջո, Հայաստանի Հանրապետության գոյության նպատակը: Սա շատ կարևոր խորքային և սկզբունքային հարց է: Իմ պատասխանը և մեր պատասխանը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում ապրող մարդկանց, բայց առանցքայինը՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումն է: Այստեղ ես հետևյալ նյուանսի վրա կուզենայի մեր ուշադրությունը հրավիրել, և այստեղ մենք խոսում ենք հայեցակարգային շատ էական մի նրբության մասին՝ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը: Ընդ որում՝ այստեղ հակասություն խնդրում եմ չտեսնել, և ավելի ուշ մենք դրան կանդրադառնանք՝ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների միջև, որովհետև ցանկացած հայ կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս խոսակցության ուղիղ շահառուն դառնալ, ինչը շատ կարևոր ինստիտուտ է:

Հաջորդը՝ իրավակարգը, ժողովրդական համաձայնեցում անցած իրավունքի վրա հիմնված արդարություն: Սա շատ կարևոր հանգամանք է, և սրա մասին էլ ես ցանկացա խոսել: Վերջին շրջանում ես խոսել եմ այդ մասին, որ Հայաստանում ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է լինել, եթե կարող ենք ասել, արդարության պահանջարկը, արդարության կարիքը, բայց շատ կարևոր է նաև, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը: Նորից եմ ասում, դրա մասին բազմիցս խոսել եմ, ոչ թե ժողովուրդը պետք է տեքստի հեղինակը, այլ սկզբունքների հեղինակը, ստանդարտների հեղինակը, և սա նաև էլի մի խոսակցություն է, որը մենք հետագայում կշարունակենք:

Մեր հաջորդ սահիկը վերաբերում է տնտեսական կարգին: Տնտեսական կարգը մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ՝ աշխատանքի և գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարություն: Սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ լրացուցիչ մեկնաբանություն ունեմ այս թեզի վերաբերյալ: Թեզը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք աշխատելու, իր աշխատանքային ընդունակություններն իրացնելու և իր սոցիալական կարգավիճակը որոշելու հնարավորություն պետք է ունենա: Շատ կարևոր է արձանագրել, որ աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը: Այսինքն՝ մենք յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տանք, որ ինքն իր սոցիալական նշաձողը զբաղեցնի իր օբյեկտիվ ընդունակությունների լիարժեք արտահայտման միջոցով: Այսինքն՝ նա, ով կարող է իր աշխատանքով դառնալ մեծահարուստ, դառնա մեծահարուստ, նա՝ ով իր աշխատանքով կարող է դառնալ միջին խավ, լինի միջին խավ, ով կարող է լինել միջին խավից ավելի բարձր, լինի միջին խավից ավելի բարձր:

Իհարկե՝ հասկանալիորեն, կլինեն մարդիկ, ովքեր կունենան նաև սոցիալական աջակցության կարիք, շարունակական սոցիալական աջակցության կարիք: Դա նույնպես մտնում է սոցիալական արդարության տրամաբանության մեջ, բայց մենք նույնիսկ սոցիալական աջակցության կարիք ունեցողներին պետք է աջակցենք, որպեսզի նրանք կարողանան իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովել աշխատանքի միջոցով, որովհետև՝ ինչպես արդեն ասել եմ նախկինում, բազմիցս, սոցիալական աջակցության միջոցով ոչ մեկ չի կարող բարեկեցիկ ապրել: Դա բացառված բան է: Սոցիալական աջակցության միջոցով կարելի է, եթե այդպես կարելի է արտահայտվել, բարեկեցիկ ապրել մի օր, երեք օր, մի շաբաթ, բայց նույնիսկ սա չի կարող բարեկեցություն անվանել, որովհետև՝ բարեկեցությունը շատ ավելի խորքային իմաստ ունի, և մենք նկատի ենք ունենում բարեկեցություն ասելով՝ այդ խորքային իմաստը:

Մեր հաջորդ դրույթը արտահայտում է տարածաշրջանային միջավայրը, և դա հնչում է հետևյալ կերպ՝ Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիության հետ խորացում և զարգացում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում: Ես այս բավականին ընդարձակ տեքստից ուզում եմ մեկնաբանել նախ և առաջ «թշնամության կառավարում» արտահայտությունը: Ի՞նչ է նշանակում «թշնամության կառավարում»: «Թշնամության կառավարում» նշանակում է, որ այնպես անել, որ նախ՝ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում, երկրորդը՝ հասցնել այն նվազեցման փուլին, և երկարաժամկետ ռազմավարության առումով՝ այն շարժել դեպի զրոյացման ուղղություն: Եվ իհարկե, այս համատեքստում դուք տեսնում եք, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետև մենք համարում ենք, որ զրոյացումը, և նույնիսկ՝ նվազեցումը, հնարավոր է թշնամության, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են և այդ հաղորդակցությունն օգտագործվում է գործարարության հաղորդակցության նպատակների համար և, հընթացս զուգորդված տնտեսական շահով, կարելի է և երկարաժամկետում քաղաքական իրագործելի խնդիր համարել նաև այս հարցը: Ես նորից ուզում եմ ընդգծել, որ այստեղ շատ նեղ անդրադարձ եմ ես կատարել՝ չանդրադառնալով ավելի լայն արտաքին քաղաքական խնդիրների, որոնց, համոզված եմ, հարցուպատասխանի փուլում կանդրադառնամ:

Մեր հաջորդ թեզը վերաբերում է անվտանգությանը, և այստեղ մենք անվտանգության ապահովումը պատկերացնում ենք այսպես՝ արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ներդրում: Բայց ես նորից ուզում եմ ասել, որ, իհարկե, անվտանգության ոլորտի այս թվարկումն էլ համապարփակ չէ, և ինչ էլ թվարկենք, ինչ էլ ավելացնենք, ինչքան էլ մեկնաբանենք անվտանգության ապահովման մեր պատկերացրած գործիքակազմը, շատ կարևոր է ընդգծել, որ մեր համոզմունքն է՝ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը դա լեգիտիմությունն է: Այսինքն՝ արտաքին հարաբերությունների բազմազանեցում՝ պարտադիր լեգիտիմության հենքի վրա, որովհետև ոչ լեգիտիմության հենքի վրա այդ հարաբերությունները՝ ա) չեն բազմազանա երբեք և բ) բազմազան դառնալու դեպքում էլ չեն ունենա դրական էֆեկտներ անվտանգության ապահովման վրա:

Երկրորդը՝ բանակի բարեփոխումները. բանակի բարեփոխումների ամենատարբեր կոնցեպտներ կարելի է քննարկել, բայց, եթե այդ բարեփոխումները հիմնված չեն լեգիտիմության վրա, ՀՀ ինքնիշխանության և ինքնիշխան տարածքի անվտանգության ապահովման խնդրի վրա, այդ բարեփոխումները չեն կայանա և տեղի չեն ունենա մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով: Համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգը կարող է լինել արդյունավետ, երբ այն հիմնվում է կրկին լեգիտիմ հենքի վրա՝ ՀՀ, նրա ինքնիշխան տարածքի, ինքնիշխանության ապահովման անհրաժեշտության և տեսլականի վրա: Եվ ես հույս ունեմ, որ այս մասին էլ ՝ բանակի բարեփոխումների մասին և ընդհանրապես բանակից մեր ակնկալիքների թեմային, մենք հարցուպատասխանի ընթացքում կանդրադառնանք:

Հաջորդը՝ խնդիրը. մենք խոսեցինք նպատակի մասին, բայց շատ կարևոր է նաև արձանագրել խնդիրը: Մեր խնդիրը տնտեսական զարգացումն է, որովհետև տնտեսական զարգացումով է, որ հնարավոր է ապահովել նախորդիվ նշված բոլոր թեզերի իրականացումը և իրագործումը: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ տնտեսական զարգացման մեջ մենք ամենևին էլ երկրորդական չենք համարում սոցիալական զարգացումը, այն առումով, որ սոցիալական զարգացում ասելով՝ նկատի ունենք մարդկային կապիտալի զարգացումը, այսինքն՝ մարդկանց հնարավորությունների ընդլայնումը, մարդկային տաղանդի զարգացումը և նրանց, ինչպես արդեն նշեցի, աշխատանքային և բիզնես գործունեության հնարավորություն տալը:

Եվ վերջին սահիկը, որը վերաբերում է մեր գործելակարգին: Ըստ այդմ՝ մեր բոլոր որոշումները պետք է բխեն վերը շարադրված տեսլականից: Այսինքն՝ մենք նախ պետք է մեր նպատակները ճշգրտենք և այդ նպատակներին ծառայեցնենք մեր բոլոր որոշումները: Եվ այս առումով ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, տարբեր ֆորմատներով՝ շատ կարևոր է, որ մենք ճշգրտենք պետական շահ հասկացությունը, որովհետև բոլորին հայտնի է, որ որոշումները պետք է հիմնված լինեն պետական շահի վրա, բայց ո՞րն է պետական շահը: Երբեմն, պետական շահը մենք շատ լղոզում և զրկում ենք կոնկրետությունից: Ես նաև գործնական խնդիր եմ համարում, որ մենք պետական շահը կոնկրետացնենք: Առիթ ունեցել եմ ասելու և ուզում եմ այսօր վերահաստատել իմ դիրքորոշումը, որ ՀՀ պետական շահը՝ ընդհանրապես զարգացումը և, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական զարգացումն է: Եվ, հետևաբար, մեր բոլոր որոշումները պետք է գնահատել ըստ այդմ, թե ինչքանով են դրանք համապատասխանում Հայաստանի զարգացման տեսլականին:

Եվ հիմա, որպես ամփոփում, ուզում եմ ասել հետևյալը՝ վերջին ասվածի հիման վրա: Այս ամեն ինչը, ինչ որ ասում էի, ունի տեսական նշանակություն, բայց ունի նաև խիստ գործնական նշանակություն, որովհետև հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է հարկավոր, որպեսզի այս ամենն իրականացվի: Այս ամենն իրականացնելու համար հարկավոր է խաղաղություն, և այս է պատճառը, որ կառավարությունը որդեգրել և հետևողականորեն իրագործում է խաղաղության օրակարգը: Եվ, իհարկե, ինչպես նախկինում, հիմա էլ մենք առաջնային ենք համարում, ոչ միայն կառավարությունը, այլև կարծում եմ՝ հանրության շրջանում ամենաշատ քննարկվող հարցն է, անվտանգության հարցը և անվտանգության երաշխիքների հարցը: Եվ, երբ մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք, խաղաղության օրակարգը որդեգրել ենք նաև այն փաստարկի ֆոնին, որ ՀՀ անվտանգության երաշխիքների համակարգը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով, դրա մասին բազմիցս ենք խոսել և ես չեմ ուզում կրկնել, և ես առիթ եմ ունեցել ասելու, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը: Եվ մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք՝ որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց և իրագործում ենք՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավորման համակարգ: Մենք շատ ենք խոսում և խոսել ենք այն մասին, թե ինչ պետք է անենք այն պայմաններում, երբ անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան և նախկինում մեր պատկերացրած երաշխիքները չեն գործել:

Մեր մոտեցումը այն է եղել, որ մենք պետք է ստեղծենք այդ անվտանգության երաշխիքները: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ այն ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է: Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում՝ ՀՀ-ի անվտանգության երաշխիքների սյուներն են, և մենք ամեն ինչ անում ենք և ամեն ինչ անելու ենք այս սյուները՝ երաշխիքների, ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ:

Հարգելի գործընկերներ, իհարկե, ես չեմ ուզում այս նախաբանը երկար տևի, բայց ևս մի քանի րոպե ուզում եմ անդրադառնալ, իմ կարծիքով, չափազանց կարևոր մի հարցի: Տեսեք, մենք խոսում ենք Իրական Հայաստանի մասին, խոսեցինք տարածքի մասին, կարգավիճակի մասին, տնտեսության մասին, անվտանգության մասին, բայց, իհարկե, պետության համար կարևորագույն և առանցքային նշանակություն ունի նրա արժեքային համակարգը, թե ինչ արժեքների վրա է հիմնվում այդ պետությունը: Եվ պիտի ընդգծեմ, և սա շատ կարևոր ընդգծում է, որ առաջին անգամ 2019 թվականին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում է անդրադարձ կատարվել կամ փորձ կատարվել մի փաստաթղթի մեջ ամբողջացնել արժեքային համակարգը, որի վրա հենվում է պետությունը: Ես արդեն ասացի իմ խոսքում, որ գործընթացները մեզ բերել են այն համոզման, որ Հայաստանի զարգացման ռազմավարությունը վերանայման կարիք ունի: Այս առումով, իհարկե, ես կարծում եմ, և դա ակնհայտ է, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի և այդ վերանայման գործընթացն աշխատանքային մակարդակում սկսվել է: Բայց ես ուզում եմ, նաև կանխորոշելով, որ կարող է նաև այդպիսի հարց ծագել կամ անխուսափելիորեն պիտի ծագի այդ հարցը՝ իսկ արդյո՞ք ես գտնում եմ, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ արձանագրված արժեքային համակարգը և ազգային արժեքները պետք է վերանայվեն: Ես ուզում եմ ասել՝ ո՛չ, ես չեմ գտնում, որ այնտեղ արձանագրված ազգային արժեքները պետք է վերանայվեն: Ես գտնում եմ, որ այնտեղ արձանագրված ազգային արժեքների մասին ձևակերպումները պետք է վերաձևակերպվեն հետևյալ կերպ: Ես հիմա կընթերցեմ այն տարբերակը, որն առաջարկում եմ և առաջարկելու եմ, որպես քննարկման նյութ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման համատեքստում և ընդհանարապես, որպես արժեքային հիմք ՀՀ այս տեսլականի համար: Ըստ այդմ, ՀՀ ժողովրդի ազգային արժեքներն են՝

Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը,
Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը,

Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները,

Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ՝ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը,

Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը,

Հայրենիքը, ընտանիքը, անհատը,

Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, Քրիստոնեությունը,

Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը,

Հայրենի բնաշխարհն իր կենսաբազմազանությամբ,

Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանք և հանդուրժողականությունը՝ ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ,

Եղբայրական զգացումներն ու հարաբերություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ,

Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են ՀՀ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները:

Եվ այստեղ, իհարկե, կա մեկ կամ երկու հարց, որոնք ես կուզենայի մեկնաբանել՝ կապված Հայաստան-սփյուռք հարաբերությունների հետ, հայրենիք-պետություն հարաբերությունների հետ, բայց կարծում եմ՝ դա կանեմ հարցուպատասխանի փուլում:

Այժմ, սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Թեմայի այլ նորություններ