Այսօր Ալմաթիում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ կանցկացնեն երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել էր Ալմաթիում արտգործնախարարների մակարդակով բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ այս հանդիպումը համարելով խորհրդանշական։
ԱՄՆ-ն նույնպես ողջունել է Ղազախստանի առաջարկը մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։ Պետդեպի պաշտոնյան հավելել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»: