Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող լրացումները մերժվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող լրացումները մերժվել են

Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող լրացումները մերժվել են

Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանը, ներկայացնելով գործող օրենսգրքերում լրացում կատարելու շարժառիթը, նշել է, որ նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության սուվերեն շահերից:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ ՀՀ պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Նախագծերով առաջարկվում է վերոնշյալ գործերով որպես նախաքննական մարմին սահմանել ՀՀ ԱԱԾ-ին:

Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նախագիծը վերաբերում է նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարներին եւ քաղաքական գործիչներին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրենսդրական փաթեթը վերախմբագրել եւ քրեականացնել օտարերկրյա պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների կողմից հնչեցված հրապարակային արտահայտությունները, Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ ՀՀ պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Հանձնաժողովի նախագահի առաջարկն ընդունելի է հիմնական զեկուցողի համար:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ գործող Քրեական օրենսգրքով հստակ ամրագրված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Ըստ նրա՝ քրեաիրավական ամբողջ գործիքակազմն օրենսգրքում առկա է: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվող կարգավորումները հստակեցման կարիք ունեն: Վահագն Հովակիմյանը հորդորել է դեմ քվեարկել օրենսդրական փաթեթին՝ ընդգծելով, որ նման անորոշ ձեւակերպումներով հոդված չի կարող տեղ գտնել Քրեական օրենսգրքում:

Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովում գործադիրի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը եւս ընդգծել է, որ Քրեական օրենսգրքում առկա է 301 հոդվածը, որով պատասխանատվություն է սահմանվում պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր անելու համար: Փոխնախարարի խոսքով՝ նման կարգավորումն ինքնանպատակ չէ, այլ բխում է կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքը սահմանափակող միջոցների համաչափությունն ապահովելու անհրաժեշտությունից: Արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախագիծը խնդրահարույց է խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից, ինչպես նաեւ իրավական որոշակիության սկզբունքին ոչ համահունչ լինելու հիմքով:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանը շեշտել է, որ քննարկվող նախագիծը քաղաքական տարրեր չի պարունակում: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը վերախմբագրելու, հստակեցնելու:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է բացասական եզրակացություն:

Թեմայի այլ նորություններ