Պուտինն ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ հայտարարության շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պուտինն ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ հայտարարության շուրջ

Պուտինն ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ հայտարարության շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Սոչիում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո համաձայնեցվել է համատեղ հայտարարություն։

«Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ, պետք է անկեղծորեն ասեմ, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, որոշ բաներ պետք է հանվեին մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից», — նշել է ՌԴ ղեկավարը։

«Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար», — ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ եռակողմ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։

«Նախ՝ հայկական պատվիրակության հետ, հետո դեմ առ դեմ Հայաստանի վարչապետի հետ, հետո ադրբեջանական պատվիրակության հետ և դեմ առ դեմ խոսեցինք Ադրբեջանի նախագահի հետ, իսկ հետո երկուսով, նույնիսկ, հավանաբար, մի փոքր ավելին, մենք երեքով խոսեցինք»,- ասել է ՌԴ ղեկավարը։

«Մեր ընդհանուր կարծիքով՝ դա շատ օգտակար հանդիպում էր»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի Դաշնությունը կանի ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորման հասնելու համար, ասել է ՌԴ նախագահը։

«Ինչպես պայմանավորվել ենք, մենք կապի մեջ կլինենք, մենք կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այս երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը ցույց են տվել ապագայի շուրջ պայմանավորվելու կարողություն։

«Այսօրվա քննարկումը հուշում է, որ մենք կարող ենք նաև բանակցել մեր բոլոր երկրների ապագայի մասին: Երբ ասում եմ մեր բոլոր երկրները, ես նկատի ունեմ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի բոլոր երկրները: Որովհետև տարածաշրջանի բոլոր ժողովուրդները շահագրգռված են կարգավորել հարաբերությունները»,- ասել է Պուտինը:

Պուտինը, Ալիևը և Փաշինյանը Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից։
 
ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատել են 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը. հայտարարություն երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
 
Հայտարարության տեքստը՝ ստորև․
 
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
 
Վերահաստատել են հավատարմությունը նշված բոլոր պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի կարգավորման, Հարավային Կովկասի խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման։ Համաձայնեցին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների, այդ թվում ՝ հումանիտար հարցերի բլոկի անհապաղ լուծմանը։
 
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում ՝ շեշտադրել են տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
 
Պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման հիման վրա ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի համաձայն:
 
Կարևորվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստումը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով: Գոյություն ունեցող զարգացումների հիման վրա պայմանավորվել են շարունակել փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ կաջակցի դրան։
 
Ընդգծվել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը ՝ ռուսական աջակցությամբ հասարակության, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար:
 
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն այսուհետ ևս ամենայն օժանդակությամբ նպաստելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»:
 
Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
 

Թեմայի այլ նորություններ