«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ընդդիմության կողմից օրեր շարունակ իրականացվող ակցիաները նրանց իրավունքն է, սակայն, ըստ քաղաքական գործչի, խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը իր ընտրությունը կատարել է:
«Գիտեք, մենք հինգ տարով մանդատ էինք ստացել ժողովրդից, որ լինենք խորհրդարանում: Մենք մեր մանդատները վայր դրեցինք, գնացինք արտահերթ ընտրությունների, որ ճգնաժամը հաղթահարվի: Իրենք բոլոր հնարավորությունները ունեին ասելու և ասել են ամբողջ ուժով: Այսօր լրատվամիջոցների քանի՞ տոկոսն է իրենց պատկանում: Ընտրությունների արդյունքներով ձևավորվել է խորհրդարանական իշխանություն և ընդդիմություն: Մենք դուրս ենք մնացել խորհրդարանից, նրանք անցել են: Հիմա ժողովուրդը նրանց ընդդիմադիր մանդատ է տվել, որ գործ անեն: Պարզ է, շատերը այդ մանդատը տվել են իշխանությանը հեռացնելու նպատակով, նրանցից շատերը մասնակցել են, որ ուղղակի իշխանության գան, ոչ թե ընդդիմություն աշխատեն: Բայց այսպես է ստացվել, դա է ժողովրդի որոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ իր կուսակցությունը ընտրություններում ժողովրդի այդ որոշման հետ հաշվի են նստել:
«Որևէ մեկը չի կարող հաշվի չնստել: Սա է արդյունքը: Կան ընտրության արդյունքներ, կան ձևավորված իշխանություն և ընդդիմություն իրենց բոլոր մեխանիզմներով: Մնացածը նրանց իրավունքն է, կարող են ցույցեր անել, երթեր անել»,- ընդգծեց Մարուքյանը:
Մարուքյանը հիշեցրեց, որ 2021 թվականի մայիսին խորհրդարանական ուժերով պայմանավորվել էին ցրել խորհրդարանը և ցրեցին, գնացին արտահերթ ընտրությունների:
«Թող գային իշխանության: Ժողովուրդը չի բերել իրենց իշխանության, իրենց չի ընտրել: Հիմա ինձ չեն ընտրել, ի՞նչ անեմ, ամբողջ օրը ցույց կազմակերպե՞մ, որ չեմ անցել: 17 մանդատ ենք ունեցել, հիմա որևէ մանդատ չունենք, բայց ընդունել ենք: Մեր ժողովուրդն է որոշել, վերջ ժողովուրդը որոշել է, շարժվում ենք առաջ: Կլինեն հաջորդ ընտրությունները, մենք կգանք էլի մեր հայտով, ժողովուրդը կորոշի: Ամեն ընտրություններում ունեցած անհաջողություններից հետո ճանապարհներ փակե՞նք»,- ընդգծեց Մարուքյանը: