ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
Ասված է ԱԱԾ հայտարարության մեջ։
Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
ՆԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
«Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ նմանատիպ և նույնաբովանդակ հայտարություն է տարածել նաև Քննչական կոմիտեն, որում մասնավորապես ասված է.
Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ և քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով բողոքի ակցիաները շարունակելուն ուղղված հրապարակային հայտարարություններն ու գործողությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում նախազգուշացնելու, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։
Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում, իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ։
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության։