Ցուցահանդես, շնորհանդես, տոնավաճառ. Երևանում շուքով կնշեն Թանգարանների միջազգային օրն ու գիշերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ցուցահանդես, շնորհանդես, տոնավաճառ. Երևանում շուքով կնշեն Թանգարանների միջազգային օրն ու գիշերը

Ցուցահանդես, շնորհանդես, տոնավաճառ. Երևանում շուքով կնշեն Թանգարանների միջազգային օրն ու գիշերը

Թանգարանների միջազգային օրվա առթիվ, որն այս տարի անցկացվում է «Թանգարանների ապագան. վերափոխել և վերաիմաստավորել» խորագրով, Երևանում և ՀՀ մարզերում գործող թանգարաններն իրենց հյուրընկալ դռներն այցելուների առաջ կբացեն հետաքրքիր ցուցահանդեսներով, շնորհանդեսներով և մի շարք այլ նախաձեռնություններով:

Հովհաննես Թումանյանի թանգարանի մատույցներում բարեգործական տոնավաճառ է նախատեսվում: Տոնավաճառին կմասնակցեն թումանյանական թեմատիկ արտադրանք ունեցող կազմակերպություններ: Ամբողջ վաճառքի 30 տոկոսը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրական հիմնադրամին»: Թանգարանում կբացվի լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղը լուսանկարներում» ցուցահանդեսը: Կներկայացվեն լուսանկարներ, որոնցում արտացոլված է Հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը:

Իսկ ամենայն հայոց բանաստեղծի էկրանավորված պատմվածքները կցուցադրվեն թանգարանի փոքր այգում: Ներկաները հնարավորություն կունենան դիտելու «Իմ ընկեր Նեսոն», «Աղքատի պատիվը», «Մարոն» ստեղծագործությունները: Թանգարանի կամարների ներքո նախատեսվում է համերգային #դյութիչ-գիշեր ծրագիրը «ԱՐԱՐ» երգչախմբի կատարմամբ: Առաջին անգամ կհնչի «Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա» երգը՝ փոխադրված երգչախմբի համար (մշակումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի, խմբավար՝ Գոռ Մելքումյան): Միջոցառումների մանրամասները հնարավոր է գտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 18-ին ժամը 19:00-ին տեղի կունենա քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015) անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը: 

Ժամը 11:00-18:00 «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու հուշանվերների և գրքերի տոնավաճառ, որին միացել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահն ու Գրականության և արվեստի թանգարանը:Տոնավաճառը կանցկացվի Հանրապետության հրապարակ, 4 հասցեում՝ թանգարանի մուտքի մոտ, որի ընթացքում կլինեն նաև անակնկալ նվերներ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 18-ին՝ ժամը 12:00-22:00-ն մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մուտքն ազատ կլինի։ Նախատեսված են նաև բազմաթիվ միջոցառումներ. 14։00-ին զրույց-հանդիպում է նախատեսվում Դանիել Երաժշտի հետ, թեման՝ Հայ կոմպոզիտորների հզոր խմբակը (Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Ադամ Խուդոյան, Առնո Բաբաջանյան), 16։00-ին «Քուն եղիր, բալաս․․․» օրորների ուսումնական ծրագիրը կլինի, 17։00-ին նախատեսվում է Baby Concert (համերգային ծրագիր 0-3 տարեկան երեխաների համար), իսկ երեկոյան 19։00-ին ընթերցողներին կներկայացվի «Արա Հարությունյան․Կոմիտասից Կոմիտաս» գիրքը, 19։30-ին էլ երաժշտասերները կվայելեն «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը:

 

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում ժամը 18։00-ին կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։ Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 120 մասնակից, լուսանկարների ընդհանուր թիվը 400 է։ Մրցույթին մասնակցել են նաև լուսանկարիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից և Վրաստանից։

Տոնի առթիվ Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանն այցելուների առաջ բաց է լինելու մինչև 19։00-ն։ Ժամը 12։00-19։00-ն մուտքն ազատ է։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ժամը 14:00-18:00-ն նախատեսվում է «Արվեստը և բնությունը մեր ապագան են» խորագրով բացօթյա միջոցառումը: 18:19-ը կիրականացվի «Բացահայտիր կտավի ձայները» կրթական ծրագիրը՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով: Երեկոյան 19:00-ին էլ երաժշտության սիրահարները կարող են վայելել կիթառի հնչյունները բացօթյա համերգի շրջանակում:

Հայաստանի ազգային պատկերասրահում  ժամը 11:00-18:00-ն հուշանվերների և գրքերի վաճառք կկազմակերպվի, 12:00-22:00-ն կիրականացվի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը, իսկ 22:00-ին առցանց շրջայց կլինի պատկերասրահի մշտական ցուցադրության սրահներով:

Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» ծրագրին կմիանա մի քանի ծրագրով: Ժամը 12:00-22:00-ն ցուցասրահում բաց կլինի «Գեղանկարչությունը բեմում» ցուցադրույթը, 15:00-16:00-ն էլ կիրականացվի «Ծաղկային հեքիաթ» կրթական ծրագիրը: 

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: 

Թեմայի այլ նորություններ